Թուրքական մամուլը ակտիվորեն քննարկում է Թուրքիայի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտությանը ուղիղ միջամտության անհրաժեշտության մասին։ Էրդողանի հիմնական դաշնակից Ազգայնական շարժում («Գորշ գայլերի» քաղաքական թև) կուսակցության առաջնորդ Բահչելին հայտարարել է, որ 24 ժամ է տալիս, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, եթե ոչ, ապա Թուրքիան պետք է միջամտի։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ Բահչելին Էրդողանին անվանում է այնպիսի առաջնորդ, ով կարող է Գազան դարձնել երջանիկ, ծաղկող ու խաղաղ բնակավայր։
Իսկ հաջորդը` թուրքական TRT հեռուստաալիքը սկսել է Սալահ Ադ-Դինի մասին ֆիլմի ցուցադրություն։ Սալահ Ադ-Դինը, 1187 թվականին պարտության մատնելով խաչակիրներին, գրավեց Երուսաղեմը։
Թուրքական «փափուկ ուժը», բնականաբար, աշխատում է նաև ու հատկապես ֆիլմերի տեսքով և հիմնական հաղորդագրությունը հասցնում է ֆիլմերի միջոցով։
Այսպիսով, կարելի է ասել, որ Էրդողանը որոշել է հիմա էլ Սալահ Ադ-Դինի հետ համեմատվել և գրավել Սալահ Ադ-Դինի փառքը։
Դե, հավանաբար, Մուստաֆա Քեմալի փառքը արդեն համարում է իր կողմից գերազանցված, հիմա նոր սանդղակ է իր առջև դրել։
Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի հոկտեմբերի 29-ի իր ելույթը, և մինչ այդ ի՞նչ իրավիճակ կլինի տարածաշրջանում։
Արա Պողոսյան